Մեզ անդամակցող կազմակերպություններ
հայերեն
Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ
Պրոֆտուր - տուրիստական գործակալություն
սեմինարներ
տեղեկագիր
Արհմիությունը Թվիտերում
Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ

04 ապրիլի 2019

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը գրությամբ դիմել է ՀՀ ազգային ժողովի նախագահ պարոն Արարատ Միրզոյանին՝ հայտնելով արհմիությունների կոնֆեդերացիայի դիրքորոշումը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող  եկամտային հարկի համահարթ համակարգի վերաբերյալ։

Գրության մեջ ասվում է՝


Մեծարգո պարոն Միրզոյան,
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մշակված «Հայաստանի  Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է անցում կատարել եկամտային հարկի համահարթ համակարգի։

Նշված փոփոխությամբ այն աշխատողները, որոնք ստանում են 2 մլն. դրամը գերազանցող աշխատավարձ կունենան 13% աշխատավարձի ավելացում, իսկ մինչև 150000 դրամ աշխատավարձ ստացող աշխատողների եկամուտները չեն ավելանա։ Վերջիններս կազմում են վարձու աշխատողների շուրջ 65%։
Փաստորեն, պետությունը նախապատվություն է տալիս միայն բարձր աշխատավարձ ստացողներին։
Մինչդեռ, դեռևս 1995 թվականից Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ հռչակվել է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, իսկ սոցիալական պետության հիմնական բնութագրիչներից անհրաժեշտ է առանձնացնել՝ մարդկանց սոցիալական պաշտպանվածության և բարեկեցության բարձրացման օրենսդրական երաշխիքների ապահովումը, ինչպես նաև կենսանվազագույնի երաշխավորումը:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 
«Յուրաքանչյուր ոք ունի այնպիսի կենսամակարդակի իրավունք, որը բավարար է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և անհրաժեշտ սոցիալական ծառայությունները, ինչպես նաև գործազրկության,հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում ապահովված լինելու իրավուք»: Նույնանման իրավունք է սահմանված նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրով:

Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով նշված միջազգային փաստաթղթերը, պարտավորվել է միջոցներ ձեռնարկել բնակչության բավարար կենսամակարդակի ապահովման համար:
Նախագծով առաջարկվող եկամտային հարկի համահարթեցումը, կարծում ենք, չի նպաստի աղքատության մակարդակի կրճատմանը, ինչպես նշված է նախագծին կից հիմնավորման մեջ, որպես ակնկալվող արդյունք, այլ ընդհակառակը, եկամուտների նման ձևով վերաբաշխումը կավելացնի աշխատող աղքատների թիվը։ Վերջիններս, աշխատանք ունենալով, չեն կարողանում հոգալ իրենց և իրենց ընտանիքների նվազագույն պահանջմունքները, քանի որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմը։ Նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանի Հանրապետությունում վերջին անգամ վերանայվել է 2015թ․։
Մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունը, 2004 թվականին վավերացնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» թիվ 131 Կոնվենցիան, իր վրա պարտավորություն է վերցրել ներդնել նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգ և ժամանակ առ ժամանակ վերանայել այն: Նույն Կոնվենցիայի համաձայն նվազագույն աշխատավարձ սահմանելիս առաջին հերթին պետք է հաշվի առնել աշխատողների և նրանց ընտանիքների պահանջմունքները, այնուհետև տնտեսական գործոնները։

Սակայն, Հայաստանում մինչ օրս չի կիրառվում ԱՄԿ 131-րդ Կոնվենցիայի պահանջների համաձայն նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմը, այն դեպքում, երբ «Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածի 5-րդ կետի b) և d) ենթակետերի համաձայն՝ յուրաքանչյուր երկիր վավերացնելով ԱՄԿ Կոնվենցիաները պարտավորվում է միջոցներ ձեռնարկել կոնվենցիայի դրույթները արդյունավետ կիրառելու համար:

Հայաստանի Հանրապետությունում չի կիրառվում նաև 2004 թվականին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-53-Ն), որի համաձայն՝ 
«Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանումը նպատակ ունի`

1) գնահատել Հայաստանի Հանրապետության բնակչության կենսամակարդակը.

2) կենսամակարդակի գնահատված ցուցանիշն օգտագործել պետական սոցիալական քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս.

3) հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը.

4) որոշել չհարկվող եկամտի չափը»։

Կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը նշված օրենքի համաձայն պետք է սահմանվեր օրենքով։ 

Հղում անելով միջազգային փորձին, հարկ ենք համարում նշել, որ այն երկրները, որտեղ ներդրվել է եկամտային հարկի համահարթ տարբերակը, որոշ ժամանակ անց, չստանալով որևէ դրական արդյունք, նորից անցում են կատարել պրոգրեսիվ եկամտային հարկի։ Այդ երկրներից է Սլովակիան, որտեղ 2004թ․ պրոգրեսիվ համակարգից անցում է կատարել համահարթ եկամտային հարկի, սակայն 2013թ․ կրկին վերադարձել է պրոգրեսիվ եկամտային հարկի համակարգի, որի արդյունքում զգալիորեն ավելացել են բյուջեի եկամուտները։ Մակեդոնիան, որտեղ համահարթ եկամտային հարկը ներդրվել է 2007թ, սակայն 2019թ․ հունվարի 1-ից նորից անցում է կատարվել պրոգրեսիվ եկամտային հարկի, քանի որ այդ տարիների ընթացքում հարկման համակարգի փոփոխությունը էական տնտեսական առաջընթաց չի ապահովել, այլ ընդհակառակն, առաջացրել է հասարակության եկամուտների անհավասարության սրընթաց աճ։

Գերմանիայում 2004թ․ մշակվել էր եկամտային հարկի համահարթեցման հայեցակարգ, սակայն մի շարք հետազոտություններից հետո Գերմանիան հրաժարվել է համահարթ եկամտային հարկի ներդրման գաղափարից։
Վրաստանը, անցնելով համահարթ եկամտային հարկի կիրառմանը, ունեցել է պետական միջոցների զգալի նվազում և ներկայումս քայլեր է իրականացնում պրոգրեսիվ համակարգին վերադառնալու համար։

Եվրամիության անդամ պետությունների գերակշիռ մասում գործում է պրոգրեսիվ եկամտային հարկի համակարգ (Ավստրիա, Բելգիա, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Դանիա, Լյուքսեմբուրգ, Շվեդիա և այլն): Ճապոնիայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում նույնպես գործում է պրոգրեսիվ եկամտային հարկի համակարգ։ Աշխարհում համահարթ եկամտահարկի մոդելը շատ քիչ երկրներ են կիրառում։

Հաշվի առնելով վերոնշվածը, նպատակահարմար չենք համարում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող եկամտային հարկի համահարթեցումը, քանզի այն չի նպաստի եկամուտների արդյունավետ վերաբաշխմանը, ինչը կարող է հանգեցնել Հանրապետությունում աշխատողների եկամուտների ծայրահեղ անհավասարությանը և աղքատության խորացմանը։

ՀԱՄԿ-ի դիրքորոշումը հարկային համահարթեցման նախագծի վերաբերյալ

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection