27.09.2013 Տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստը

     Երևանի քաղաքապետարանում հրավիրվել է Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը: Քաղաքապետի տեղակալը նախ տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմի ձևավորման հետ կապված հրավերներ են ուղարկվել շահագրգիռ բոլոր կողմերին, հրապարակային հայտարարությամբ հրավիրվել են ֆիզիկական և իրավաբանական այլ անձիք նույնպես:

    Հանձնաժողովի 36 անդամից նիստին մասնակցել է 31-ը: Հանձնաժողովի նիստին մասնակցության հրավեր ստացած Երևան քաղաքի ավագանու երեք խմբակցություններից նիստին ներկա է եղել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը, երկուսը հրաժարվել են նիստերին մասնակցելուց:

 

   <<Հարմարավետ, անվտանգ և մատչելի հասարակական տրանսպորտ ունենալու նպատակով պետք է քննարկենք այն բոլոր բաղադրիչները, որոնք ձևավորում են ուղևորափոխադրումների ինքնարժեքը: Հանձնաժողովի գործելաոճը պետք է լինի հանձնաժողովի աշխատանքների առավել թափանցիկության ապահովումը>>,-ընդգծել է Վահե Նիկոյանը:

    Նիստի ընթացքում Վահե Նիկոյանը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի 2911-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի այն հիմնական չափորոշիչները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար: Մասնավորապես, որպես առաջին չափորոշիչ, նշվել է Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի ցուցանիշների ապահովումը (շարժակազմի քանակի, սպասարկման նախատեսված պարբերականության և դրա հիման վրա կազմված չվացուցակի ապահովում, գերբեռնված ուղևորափոխադրման բացառում): Երկրորդ չափորոշիչը շարժակազմի՝ երթուղիներում շահագործվելու թույլատրելի ժամկետի սահմանափակումն է (ավտոբուսների համար՝ 10, միկրոավտոբուսների համար՝ 5 տարի):

    Արժեհաշվարկի համար որպես չափորոշիչ առանձնացվել է նաև շահագործվող ավտոբուսների և միկրոավտոբուսների մոդելը։ Առաջարկվել է կարճաժամկետ և անհրաժեշտ ընտրվող չափորոշիչների համար մեկնակետային համարել այն մոդելները, որոնք ներկայում գերակշռում են քաղաքի տրանսպորտային ցանցում։

Որպես չորրորդ չափորոշիչ ներկայացվել է ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի 1082-Ն որոշմամբ սահմանված ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման համար սահմանված կարգի և նորմերի խստագույն պահպանումը՝ անսարք մեքենաների երթուղի դուրս գալը բացառելու նպատակով:

    Վարորդների վարքագծի կանոնների սահմանումը և ապահովումը (արտաքին տեսք, սպասարկման որակ, վարք և այլն), ինչպես նաև աշխատանքային արտահագուստի առկայությունը նույնպես դիտարկվել են որպես պարտադիր չափորոշիչ։ Չափորոշիչների շարքում տեղ է գտել նաև հաշմանդամություն ունեցողների համար հասարակական տրանսպորտից (ավտոբուսներից) օգտվելու ապահովումը:

Հանձնաժողովի բոլոր անդամները չափորոշիչների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու առաջարկությունները, մասնավորապես, սոցիալական որոշ խմբերին ուղեվարձի արտոնությունների համակարգի ուսումնասիրման, դրա կիրառման հնարավորությունների քննարկման, համապատասխան առաջարկների փաթեթի ձևավորման վերաբերյալ առաջարկները:

Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հաստատել են ներկայացված չափորոշիչները:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաստատված չափորոշիչների հիման վրա մշակված հաշվարկները նախապես կներկայացվեն հանձնաժողովի բոլոր անդամներին և, ըստ այդմ, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հնարավորություն կունենա ներկայացնելու իր դիտողություններն ու առաջարկությունները, որոնք կքննարկվեն հանձնաժողովի հաջորդ նիստում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարձություն, www.yerevan.am 

Հրապարակել այս նորությունը սոցցանցներում՝

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection