ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանի ելույթը 85-ամյակի կապակցությամբ

        Հարգելի բարեկամներ, ընկերներ, հյուրեր, տիկնայք և պարոնայք

   Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանում պետական հիմնարկների աշխատողների արհմիության  տարեդարձի` 85-ամյակի առթիվ։

   Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր մեզ հետ նշում են մեր հոբելյանը. Հայաստանի տարածքներից ժամանած մեր արհմիության անդամներին, ՀԱՄԿ-ի ղեկավարությանը և աշխատակազմին, գործընկեր ճյուղային արհմիությունների ղեկավարներին, սոցիալական գործընկերներին: Այսօր մեզ հետ են նաև մեր միջազգային գործընկերները՝ պետհիմնարկների աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Նիկոլայ Գավվան, Եվրոպայի հանրային ծառայության աշխատողների արհմիությունների միավորման հյուսիսարևելյան Եվրոպայի տարածաշրջանային քարտուղար Վասիլ Շիլովը, Մոսկվայի պետհիմնարկների արհմիության անդամ կազմակերպության` ՌԴ նախագահի գործերի կառավարչության ձեռնարկություննների արհմիութենական կառույցի նախագահ Անոտոլի Կորոլյովը։

              Հարգելի՛  բարեկամներ

      Դահլիճում նստած՝ ես ակամա հիշեցի այն օրը, երբ  մենք նշում էինք մեր արհմիության ստեղծման 75-ամյակը։ ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում էր, 2006 թվականը։ Հիշու՞մ եք մեր հանրապետությունը և արհմիությունը այդ տարիներին։ Ընդամենը 4 տարի էր անցել, ինչ Պետական հիմնարկների արհմիությունը վերագրանցվել էր պետական ռեգիստրում` համաձայն ընդունված «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի և դեռ շարունակվում էր անդամ կազմակերպությունների պետական գրանցման գործընթացը։ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի ընդունումը մեծ ձեռքբերում էր արհմիությունների համար, բայց նաև մարտահրավեր էր, քանի որ դրանից օգտվեցին հնարամիտ  մարդիկ, ովքեր փորձեցին արհմիությունն օգտագործել որպես տրամպլին իրենց կարիերայի համար: Անդամ կազմակերպությունների գրանցման հետ մեկտեղ ընթանում էր մեկ այլ գործընթաց. փաստորեն, պետական ոլորտի որոշ կազմակերպություններում, նաև ղեկավարների նախաձեռնությամբ, ստեղծվեցին  կամ վերագրանցվեցին առանձին գործող արհեստակցական կազմակերպություններ, ինչը նոնսենս է պետական ոլորտի  արհմիությունների դեպքում: Բոլորս էլ գիտենք, որ արհմիության գործունեության  արդյունավետության գրավականը միասնությունն է, և հենց այդ պատճառով անջատ գործող արհեստակցական կազմակերպութունները ոչ մի ներդրում չունեցան արհմիութենական շարժման զարգացման մեջ։ Այսօր այդպիսի արհմիություններից  շատերն ընդհանրապես դադարել են գործել, կան նաև այնպիսիք, որոնք գործում են, սակայն լավագույն դեպքում զբաղվում են միայն սոցիալական միջոցառումների կազմակերպումով: Ստեղծված իրավիճակը, սակայն, չնպաստեց մեր երկրում արհմիությունների ուժեղացմանը և զարգացմանը։ Մեր ճյուղային արհմիությունը, ինչպես միշտ, բաց է բոլորի համար, մենք հավատարիմ ենք արհմիությունների միասնականության սկզբունքին և սիրով պատրաստ ենք աշխատելու բոլոր տեսակի արհեստակցական կազմակերպությունների և միությունների հետ միասին` աշխատողների շահը ներկայացնելու համար, ի վերջո մեզ համար առաջնայինը աշխատողն է ։

          Մի փոքր շեղվեցի իմ հիշողություններից, եթե դեմ չեք, շարունակեմ վերհիշել  հանրապետությունում տիրող վիճակը։

Չորս տարի առաջ ընդունվել էր «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը և մեկ տարի առաջ էլ գործողության մեջ էր դրվել ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը։ Քաղաքացիական ծառայության համակարգը դեռ կայանում էր, էլ չեմ խոսում  համայնքային ծառայության համակարգի մասին, որի օրենքը նոր-նոր էր ուժի մտել։ Աշխատանքային հարաբերություններում քաոսային իրավիճակ էր տիրում, և  մենք նորաստեղծ աշխատանքի պետական տեսչության հետ միասին ձեռնամուխ եղանք սեմինարներ անցկացնելու գործընթացին` աշխատանքային օրենսգրքի նորմերը լուսաբանելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կադրային աշխատողների և հաշվապահների շրջանում։ Մենք աշխատողների իրավունքների պաշտպանության այդ տարբերակն էինք ընտրել` աշխատանքային իրավունքի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու համար։ Իսկ քանի որ խնդիր ունեինք նաև բարձրացնելու աշխատողներին արհմիությանը մասնակցելու մոտիվացիան, զեղչված գներով նրանց հանգիստն էինք  կազմակերպում և տարբեր սոցիալական խնդիրներ լուծում։

       Անկախության տարիները երբեք էլ հեշտ չեն եղել։ Մեր արհմիությունը այստեղ բացառություն չէ։ Մենք շատ դժվար ժամանակներ ենք անցել` հաղթահարելով և՛ արտաքին, և՛ ներքին մարտահրավերները։ Արտաքին յուրաքանչյուր ազդեցություն, նույնիսկ գործադիրի կողմից ընդունված իրավական ակտը, անմիջապես կարող էր բացասական անդրադառնալ  արհմիության անդամակցության վրա։ Ունեցել ենք կադրերի և գիտակից արհմիության անդամներ ունենալու խնդիրներ։

      Այնուամենայնիվ, անգամ այդ պայմաններում  մեր ճյուղային արհմիությունը գործում էր` համախմբելով և՛ պետական հիմնարկների, և՛ համայնքային կազմակերպությունների արհմիության անդամներին։

      Վերջին 10 տարիների ընթացքում մենք աշխատում էինք մեր արհմիության  նյութական հիմքը  ամրապնդելու, արհմիության անդամների թիվն ավելացնելու, արհմիության վարկանիշը անդամների շրջանում բարձրացնելու ուղղությամբ: Իհարկե, դա շատ բարդ և դանդաղ ընթացող  ամենօրյա աշխատանք էր, որը մեծ ջանքեր էր պահանջում։

     Նշված տարիներին արհմիությունը  հանդես է եկել իր անդամների արժանապատիվ աշխատանքի ձևավորման համար համապատասխան առաջարկներով և ելույթներով՝ քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի բարձրացման, համայնքային ծառայողների աշխատավարձերի ձևավորման միասնական սկզբունքի, սոցիալական փաթեթի կատարելագործման, կուտակային կենսաթոշակային համակարգի, քաղաքային տրանսպորտի բարելավման, հարկային արդարության անհրաժեշտության և այլ ուղղություններով։

   Այս ամենի հետ մեկտեղ պետական հիմնարկների արհմիությունը 2012-ին արդեն  հանդես եկավ աշխատողների շահերը ներկայացնելու նոր մոտեցմամբ։ Այդ թվականից ի վեր պետական հիմնարկների արհմիությունը ամեն տարի մայիսի 1-ին ու հոկտեմբերի 7-ին ավանդական դարձած պահանջատիրական երթերով իշխանությունների ուշադրությունն է հրավիրում աշխատողների ամենացավոտ հարցերին։

  2013-ից, որոշ հարցերում սկսեցինք նորովի մոտեցումներ կիրառել․ կարևորելով կոլեկտիվիզմի զարգացումը, արհմիության նախագահությունը որոշեց խրախուսել հատկապես կոլեկտիվ հանգիստը, առողջ ապրելակերպը քարոզելու նպատակով նախաձեռնեցինք նաև սպորտային միջոցառումների շարք: Արդեն ավանդական դարձած թիմային մրցաշարերն այսօր ևս մեծ հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն արհմիության անդամների, այլ նաև ղեկավարների շրջանում և հետզհետե ավելի մարդաշատ ու գրավիչ են դառնում։ 10 տարուց ավելի է, ինչ մեր արհմիության անդամները հնարավորություն ունեն իրենց հանգիստը զեղչ գներով անցկացնել Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում։

   Միաժամանակ աշխատանք է տարվում արհմիության աշխատանքներում երիտասարդներին ներգրավելու ուղղությամբ․ դեռևս 2008 թվականի համագումարում ընդունված արհմիության հնգամյա գործունեության ծրագրում ամրագրված էր երիտասարդների հետ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը։ Մեր քաղաքական կամքի շնորհիվ և «Ֆրիդրիխ էբերտ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կարողացանք հաջողության հասնել այս ասպարեզում և այսօր արդեն կարող եմ ի ուրախություն բոլորիս հայտարարել, որ ունենք համախմբված երիտասարդություն, որը մեր կողքին է, մեզ հետ միասին պատրաստ է աշխատելու արհմիության առաքելությունն իրականցնելու գործում։

    Այսօր մեր ճյուղային արհմիությունը միավորում է 55 անդամ կազմակերպություններ` ընդհանուր առմամբ միավորելով մոտ 12000 աշխատողներ։

       Վստահաբար կարող եմ ասել, որ մենք այսօր այն չենք, ինչպիսին էինք 10 տարի առաջ։ Կարծում եմ, որ այսօր մենք ավելի համախբված ենք և ավելի պատրաստ մեր շահերին տեր կանգնելու։ Սակայն անելիքներ դեռ շատ ունենք, պետք է շարունակենք այն, ինչ սկսել ենք` ընդլայնենք երիտասարդական թևը, միասնական լինենք,  ավելի մեծ պատասխանատվություն և արհմիութենական կարգապահություն ցուցաբերենք, որովհետև միայն համապատասխան կազմակերպվածության դեպքում մենք կարող ենք հաղթահարել արհմիութենական շարժման առջև ծառացած բարդությունները:

     Այսօր մենք նշում ենք մեր ծննդյան օրը, և ինչպես բոլոր ծննդյան տոներին, այսօր ևս  պետք է հնչեն շնորհավորանքներ, ես էլ եմ ուզում շնորհավորել մեր արհմիության առավել ակտիվ անդամներին, ովքեր զգալի ավանդ են ունեն արհմիության կայացման ու զարգացման մեջ և  Ճյուղային արհմիության նախագահության որոշմամբ պարգևատրվել են Հոբելյանական պատվոգրով։

        Բոլորիդ սիրով նվիրում ենք նաև արհմիության 85-ամյակի կապակցությամբ մեր աշխատակազմի ջանքերով տպագրված գիրքը, որը ներկայացնում է մեր այսօրվա արհմիությունը` անցյալի մասին մի փոքր անդրադարձով։

        Չնայած այն բոլոր դժվարություններին, որոնց հանդիպել է  մեր արհմիությունը իր գոյության ճանապարհին, արհմիության նվիրյալների, այս դահլիճում նստած բոլորի  շնորհիվ մեզ հաջողվել է ոչ միայն պահպանել մեր կառույցը, այլ նաև զարգացման ուղին բռնել։ Երբեք  չենք վախեցել մեր սխալների մասին խոսել, բացահայտել, ուղղել դրանք և առաջ շարժվել։ Ամենակարևոր որոշումներն ընդունել ենք միասին։       Մենք հավատում ենք մեր ուժերին, որովհետև միասին ենք, անտարբեր չենք, ուզում ենք մեր երկրում արժանապատիվ կյանքով ապրել և պատրաստ ենք քայլ առ քայլ  դրան հասնելու։

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection