Անահիտ Ասատրյանի ելույթը մայիսմեկյան քայլերթի սկզբում

Բարև Ձեզ, հարգելի ընկերներ:
Արդեն մի քանի տարի է, ինչ մենք միասին հանդիպում ենք այս ձևաչափով՝ Մայիսի մեկին։ Եվ եթե հիշում եք, ամեն անգամ, երբ ես այդ օրը դիմել եմ Ձեզ, ասել եմ, որ չնայած Հայաստանի Հանրապետությունում Մայիսի մեկը պետական տոն է՝ Աշխատանքի օրը, ամբողջ աշխարհում այդ օրը համարվում է Աշխատողների համերաշխության միջազգային օր: Այսօր աշխարհի բոլոր աշխատողները իրենց ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց շահերի և իրավունքների։ Ես, մյուս կողմից, կարծես թե երբեք չեմ շնորհավորել ձեզ այս տոնի առթիվ։

Այս տարի այլ իրողություն է. հեղափոխությունից հետո սա առաջին մայիսի 1-ն է։ Եկեք մտովի վերադառնանք անցած տարվա Մայիսի մեկին. հիշում եք, երևի՝ բոլորս Հանրապետության Հրապարակում էինք և լսում ինք ազգային ժողովի ուղիղ հեռարձակումը։ Դրանից մի քանի օր առաջ մենք հայտարարություն տարածեցինք, որը ավարտվում էր ազգային ժողովի պատգամավորներին ուղղված կոչով: Ցիտում եմ.
«Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերել ողջամտություն, համեստություն, ի ցույց դնել, որ ժողովրդի իրական ընտրյալներ են, ընտրել ժողովրդի կողմից ընդունելի վարչապետ և ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, որը ի վիճակի կլինի տանել մեր երկիրը դեպի իրական ժողովրդավարություն և դուրս բերել Հայաստանի Հանրապետությունը քաղաքական ճգնաժամից։
Հուսով ենք, որ Մայիսի մեկը կդառնա մեր ժողորդի և պետության համար իսկական տոն և կկարողանանք ի սրտե ասել՝ «Շնորհավո՛ր Մայիսի 1»»։

Եվ չնայած այդ օրը վարչապետը չընտրվեց, այնուամենայնիվ դա տեղի ունեցավ ընդհամենը մեկ շաբաթ անց։ Կարծում եմ՝ այս տարի կարելի է ի սրտե ասել. «Շնորհավոր Մայիսի մեկ»։

Այո, հեղափոխությունը տեղի ունեցավ, սակայն աշխատողների խնդիրները այնքան էլ չկարևորվեցին առաջին փուլում։ Եվ ուրեմն մենք՝ Հայաստանի Հանրապետության աշխատող քաղաքացիներս, պետք է մեր քաղաքացիական պահվածքով օգնենք մեր իշխանություններին ճիշտ որոշումներ կայացնել։

Օրակարգում է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը, ինչի վերաբերյալ մեր արհմիության խորհուրդը հանդես է եկել ուղերձով։
Աշխատանքային հարաբերություններում լուծումների սպասող բազմաթիվ այլ խնդիրներ կան.

  • Մինիմալ աշխատավարձը մնում է շատ ցածր և հիմքում չունի հստակ հաշվարկ: Սրանից բխում է նաև քաղաքացիական ծառայողների ցածր բազային աշխատավարձը:
  • Կենսապահովման նվազագույն զամբյուղի կառուցվածքն ու չափը սահմանված չէ,
  • Աշխատողների զգալի մասը չունի առողջապահական ապահովագրություն,
  • Չկա համապատասխան լիազորություններով օժտված աշխատանքի տեսչություն։

Իհարկե, խնդիրները կարելի է երկար թվարկել։

Այս տարի նշվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության 100 ամյակը: Արդեն 100 տարի է ինչ ներդրվել է արհմիությունների համար կարևորագույն գործիքը՝ սոցիալական գործընկերությունը։ Մեր երկրում ևս պետք է Սոցիալական գործընկերությունը նոր բովանդակություն ստանա: Մենք՝ արհմիությունների ներկայացուցիչներս, պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ։

Որպես տեղեկություն ասեմ, որ շուտով տեղի է ունենալու նոր կառավարության ձևավորումից հետո եռակողմ հանձնաժողովի առաջին նիստը, որտեղ քննարկվելու է Աշխատանքի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ գրված արժանապատիվ աշխատանքի ծրագիրը: Փաստաթուղթը, հուսով եմ՝ կստորագրվի այս ամսվա ընթացքում։
Աշխատողի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի ի վերջո, բայց և մենք պետք է պահանջատեր լինենք։

Այնպես որ մեծ հույսով շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի մեկի առթիվ։

հայերեն
տեղեկագիր
Արհմիությունը Թվիտերում
սեմինարներ
Պրոֆտուր - տուրիստական գործակալություն
Մեզ անդամակցող կազմակերպություններ

1 մայիս, 2019

Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ
Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection